ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Էս ի՜նչ ենք անում, տղերք

Էս ի՜նչ ենք անում, տղերք
10.10.2008 | 00:00

Հարավկովկասյան խաղը գոնե այս պահին տեղակայվել է Հայաստանի «մերձակայքում»: Եկավ Գյուլը: Եկավ Յովանովիչը: Եկավ Լավրովը: Կգա Պուտինը: Կգա Մեդվեդևը:
Այո, սպասվող տասնօրյակին տեղի կունենա միջկառավարական այց` ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ: Որին անմիջապես կհաջորդի նախագահական` մեդվեդևյան այցը:

Ոլորտի պատասխանատուները միանշանակ պնդում են` որևէ արտառոց բան ռուսական այս գամբիտում չկա, ամեն ինչ երկու երկրների հարաբերություններում ահավոր լավ, «պրոստո օքեյ» է: Սակայն անզեն աչքով իսկ տեսանելի է, թե խորքային ինչ բանավեճ է ընթանում Հայաստանում` գերտերությունների միջև:
Պարզ է, Ռուսաստանն անում է ամեն ինչ` տարածաշրջանից ԱՄՆ-ին դուրս մղելու համար: Գինը նույնն է` Ղարաբաղ: Ընդ որում, այդ մասին Ռուսաստանը չի էլ երկնչում բարձրաձայնել: Եվ ընդհանրապես, հայազգի (մայրը հայ է) «գոսպոդին» Լավրովը, որին վերջին շրջանում չես մեղադրի դիվանագիտական «երկնչումների» մեջ, կարծես նոր խասիաթ է ձեռք բերել և մտածածն ասում է խիստ բարձրաձայն. հիշենք՝ ինչպես նա հեռախոսով հայհոյեց բրիտանացի իր կոլեգային: Իսկ մեր դեպքում` Հայաստանում տված ասուլիսի պարտիզանական լռությունից հետո հասել իրենց տուն, հարցազրույց էր տվել կրեմլյան պաշտոնաթերթին` հատուկ ու վատ հասկացողներին բացատրելով իրերի անհրաժեշտ ընթացքը:
Մինչ կանցնենք «անհրաժեշտին», հիշենք, թե ինչո՞ւ է այսքան անհանգիստ մայր-Ռուսիո սրտում` Հայաստանի հաշվով: Տապալվում է տարածաշրջանում Կովկասյան տուն ստեղծելու ռուսական «պրոյեկտը», որը հնարավորություն կտար Թուրքիայի հետ կիսել տարածաշրջանը` տեղ չթողնելով Արևմուտքի համար: Օսիայում և Աբխազիայում «հաստատվելուց», դիրքերն ամրապնդելուց, Վրաստանը թուլացնելուց, Վրաստանում նույն Թուրքիայի հետ կոնֆեդերացիոն գործընթացների սկիզբը դնելուց հետո հերթում է հայտնվել Ադրբեջանը. պետք է այնտեղից քշել ԱՄՆ-ին, իսկ իրականում` կանխել վերջինիս սպասվելիք ՆԱՏՕ-ացումը, Նաբուկոյի կառուցումը` դարի էներգետիկ այդ «պրոյեկտը» տապալելով: Այս հարցում, իհարկե, ԱՄՆ-ը նույնպես արագահաս գտնվեց: 2010-ին սկսվող խոշոր կառույցը, ըստ ամենայնի, կանցնի Հայաստանով... գինը դարձյալ Ղարաբաղն է, Ռուսաստանի և Թուրքիայի դիրքերի թուլացումը տարածաշրջանում, ապաև` դուրս մղումը: Այս ամենը գալիս է նախ ամրակայելու. Ղարաբաղի հարցում գերտերությունների միջև հիմնական համաձայնությունը տեղի է ունեցել: Պետք չէ շատ խելոք լինել պնդելու` այն կայացել է «մադրիդյան սկզբունքների» շրջանակում, ուր և, ըստ Լավրովի ու մյուս համանախագահող երկրների, մեկ-երկու չհամաձայնեցված տարրեր են մնացել:
Եվ չնայած պնդումին, որ սատանան միշտ էլ մանրամասներում կամ այդ երկու տարրերում է, այնուհանդերձ, դժվար չէ հասկանալ, որ նույնիսկ Լաչինի միջանցքի հարցում (Քելբաջարն էլ ներառյալ) նույնպես, գոնե գերտերությունների մակարդակում, տարընթերցումներ չկան:
Տարընթերցման միակ թեման (գերտերությունների պարագայում) խաղաղապահների մանդատի հարցն է. խնդրում կոնսենսուս չկա և չի էլ կարող լինել, որովհետև հենց այդ հարցից է կախված` ով ում է դուրս նետելու տարածաշրջանից, ում ձեռքում է հայտնվելու տարածաշրջանի էներգետիկ հսկիչ «պակետը»: Այս պարագայում Ռուսաստանի վիճակն ուղղակի անմխիթարական է. Նաբուկոյի (Կարս-Գյումրի երկաթուղին էլ ներառյալ) առաջարկն անչափ փխրուն է դարձրել Հայաստանի` խաղաղապահության մանդատը Ռուսաստանին հանձնելու «պատասխանը»: Մանավանդ որ Ղարաբաղում ընդհանրապես չեն ցանկանում լսել որևէ խաղաղապահության և «մադրիդյան» համաձայնեցված սկզբունքների մասին` մի կողմից: Մյուս կողմից էլ Ղարաբաղն այն «պակետն» է, որն ամեն րոպե կարող է կանգ պարտադրել ցանկացած գործընթացի, չնայած Ռուսաստանը մտածում է, որ կարող է ցանկալին պարտադրել Ղարաբաղին: Էլ չենք ասում Ադրբեջանի մասին, որը հարցի լուծումը ցանկանում է տեսնել բացառապես ՄԱԿ-ի հայտնի բանաձևի շրջանակներում (տե՛ս Մամեդյարովի վերջին հայտարարությունը): Սա, իհարկե, թևաթափ չի անում Ռուսաստանին, որն անգամ հույս է տածում, թե Ղարաբաղի դիմաց մեկ էլ` ու Ադրբեջանը շատ թանկ գնով իրեն տվեց Շահ Դենիզի գազը: Գերտերություններն առանձին-առանձին մտածում են, որ «պրեսինգի» քաղաքականության միջոցով կկարողանան հասնել ցանկալիին: ՈՒ ամենքը յուրովսանն կիրառում են բլիթի ու մտրակի փորձված քաղաքականությունը` խիստ համաժամանակյա:
Այստեղ գիտե՞ք որն է զարմանալին: Որ կյանքում առաջին անգամ Ռուսաստանը փորձում է Հայաստանի նկատմամբ, ուր բացառապես սպառողի դերակատարությունից այն կողմ չի անցել, և անգամ վերջին շապիկը` ԲԷՑ-եր, երկաթուղի, կապի ոլորտ, ատոմակայան, «Գույքը», մարտի մեկ (տե՛ս գեներալ Երյոմինին մարտի մեկին Մյասնիկյանի հրապարակում), հոկտեմբերի 27 (կարդա՝ Լիտվինենկո), և նույնիսկ «ՀըԽ»-ի կայք, ուր սևով սպիտակի վրա գրված էր մեկ բան` Անդրեյ Ակիմով, դրված բոլորովին այլ նկար` Սերժ Սարգսյանի («դլյա rազմիշլենիյա»), կիրառել նաև «բլիթի» քաղաքականությունը: Մայր Ռուսաստանի սրտին այս անգամ ծանրացել է սեփական «ֆորպոստի» սոցիալական վիճակը, և նա սկսել է մի քիչ էլ ուզել մեր «լավը»... Թուրքիայի ձեռամբ: Իսկ թե ինչ հավասարում է ստացվում Թուրքիայի ու Ռուսաստանի միակցումից Հայաստանի համար, բայղուշության մեջ չմեղադրվելու համար չասենք, թե` տե՛ս նախորդ դարի երկրորդ տասնամյակը:
Առաջ անցանք: «Բլիթի» մասին նախորդ օրը բավականին մերկապարանոց, «աներկինչ» արտաբերումներ կատարեց պարոն Լավրովը` իր հայտնի հարցազրույցում. «Երբ ղարաբաղյան խնդրի կարգավորումը դառնա իրողություն, Թուրքիան Հայաստանին կօգնի կապ հաստատել արտաքին աշխարհի միջև, և դա տեղի կունենա դիվանագիտական ճանապարհով»: Փաստորեն, դուրս է գալիս, որ Ռուսաստանը, Հայաստանին հանձնելով Թուրքիո գիրկը, «հետին մտքով» փորձում է Հայաստանն ընդհանրապես Վրաստանից, առավել ստույգ` այդ «ճակատով» դեպ արտաքին աշխարհ գնացող ուղուց զրկել. այլ կերպ Լավրովի կարծիքը մեկնաբանել հնարավոր չէ: Այսպիսով, Ռուսաստանը ոչ միայն սատարում է Թուրքիայի և Ադրբեջանի` Վրաստանը կոնֆեդերատիվ միավոր դարձնելու հեռանկարին (Թուրքիան արդեն իսկ հանդես է եկել առաջարկով, որ Վրաստանում ապրող թուրք-մեսխեթցիները վերադառնան Սամցխե-Ջավախք: Հասկանում եք, չէ՞, ի՞նչ է սա նշանակում այնտեղ ապրող հայերի համար), այլև փորձում է ջավախահայության` մինչ այս չգործարկված «ռումբը» գործարկել երկակի նշանակությամբ` թե՛ Վրաստանը, թե՛ Հայաստանը ձեռնասուն դարձնելու համար: Դե չէ՛, բայղուշություն չենք անում: Այլ սիրով արձանագրում ենք. Սերժ Սարգսյանը ոչ մեկ-ոչ երկու վերցրեց ու գնաց Վրաստան: Գնաց-կանգնեց Միխոյի կողքին, վերջինս էլ իր հերթին ոչ մեկ-ոչ երկու վերցրեց ու Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց` իրենք շատ ուրախ են, որ Սերժ Սարգսյանը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը:
Ոնց տեսնում եք, այս առնչությամբ ՀՀ նախագահականից «նե սլուխո, նե դուխո». մերձ աղբյուրներն այնտեղից շշնջում են. Սաակաշվիլին դա ասում է այն պատճառով, որ Հայաստանը չճանաչեց Օսիայի ու Աբխազիայի անկախությունները: Չէ՛, միայն դա չէ պատճառը. Ջավախքը կոնֆեդերացիոն տեսնել ուզող Թուրքիային ու Ռուսաստանին Սերժ Սարգսյանը հստակ հասկացրեց` «մինք իդ պարը չինք պարելու»: Ի՞նչ կնստի այս բարձրաձայնումը Սերժ Սարգսյանի վրա: Իհարկե` Քոչարյան. վերջինս անհամբեր սպասում է, թե երբ է Ռուսաստանն ասելու` «չկա քիզի նման»:
Իսկ Օսկանյանն արդեն «նստել» է... Սերժ Սարգսյանի վրա: Վերջինս, «պարելով իդ պարը», ուլտիմատում ներկայացրեց Սերժ Ազատիչին. եթե մեկ-երկու ամսից չբացվի հայ-թուրքական սահմանը, ուրեմն` Դուք իսկապես գաղտնի «բաներ» եք խոսել Գյուլի հետ: Իզուր «ոևէ» մեկի համար անհանգստանում է վագրաթռիչ Օսկանյանը. պարոն Գյուլն արդեն «մատնել» է այդ գաղտնիքը. հայ-թուրքական սահմանը չի բացվի, քանի դեռ գրավյալ տարածքներից դուրս չեն բերվել հայկական զորքերը, համ էլ` Հայաստանը ոնց որ ուզում է տալ գրավյալ տարածքները: Օսկանյանին կմնա «հայտնել», որ այդ տարածքներում ռուսական զորք տեղակայելու խոստում ևս կարծես թե տրվել է, ինչն էլ, փաստորեն, Հայաստանը դեռ չի կատարում Թուքիայի` «Կովկասյան անվտանգության պլատֆորմ» նախագիծը ԱՄՆ-ի կողմից տապալելու, Վրաստանն այդ «պլատֆորմից» հետ քաշելու «պատճառով»:
Դառնանք Ռուսիային. «մտրակի ու բլիթի» վերջին արարները տեղի կունենան Պուտինի, ապա` Մեդվեդևի հայաստանյան այցերի ժամանակ: Եվ եթե Սերժ Սարգսյանը խելոքացած չլինի, Նաբուկոյի անչափ հետաքրքիր նախագիծը վերջինիս արևմտյան նիրվանայի հասցրած լինի՜ (բայց դե` գայթակղիչ ու լավիկն է, չէ՞, էդ առաջարկը. շա՜տ)... էնքա՜ն «մտրակ» կա օդում շրխկացնելու. նշենք միայն մեկի մասին. Պուտին-հետախույզը պարզապես կարող է հանդիպել «նապարնիկ» Քոչարյանի հետ, ու ... հարցը կլուծվի «դվա վ օդնոմ».
ա) Առանց այն էլ տատանվող հայոց չինովնիկական խավն իրեն հատուկ շոշափուկներով առավոտյան կողմնորոշված կլինի դեպ Քոչարյան-վարչապետ մինիմում... նախագահ` մաքսիմում «կովկասյան պլատֆորմով», և Ռուսաստանին այլևս ոչ ոք և ոչինչ չի կանգնեցնի:
բ) Քոչարյանի դեպքում արդեն Ռուսաստանը ոչ մի գլխացավանք երբեք չի ունենա:
Բայց մեկ հարց, բոլոր դեպքերում, բաց կմնա. Գյուլին ո՞ւր կհրավիրի Քոչարյանն այդ պարագայում...
Բայց միշտ կենդանի է «գ» տարբերակը` արդեն Սերժ Սարգսյանի համար. շահերի այս խոշոր խաղի մեջ միշտ էլ կա ստատուս-քվոն պահպանելու-շարունակելու իրական հնարավորությունը, ինչի վրա էլ հույս է դրել Ազատիչ Սերժը` հետաձգելու հարցի լուծումը, հետևաբար՝ տված խոստումների իրականացումը:
Երկու կողմերին էլ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 5496

Մեկնաբանություններ